Հայաստան–Եգիպտոս ռազմատեխնիկական համագործակցության նոր հնարավորություններ

Հայաստան–Եգիպտոս ռազմատեխնիկական համագործակցության նոր հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած աշխատանքային այցին։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Այցի կարևորագույն բաղադրիչներից էր Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ռազմական ցուցահանդեսը, որտեղ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանի ուղեկցությամբ այցելել է տաղավարներ, ուսումնասիրել առաջատար ռազմատեխնիկական լուծումները և քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։

ՊՆ նախարար Պապիկյանը և ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել ցուցահանդեսին ներկայացված կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգի ներուժը, ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները։

Աշխատանքային այցի ավարտին ԲՏԱ նախարարության ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանը հանդիպել է Եգիպտոսի զինված ուժերի սպառազինության նախագահ, գեներալ-մայոր Մոհամեդ Ադլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի ներկայացումը եգիպտական զինված ուժերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների զարգացման հնարավոր ուղիները։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման և երկու երկրների միջև ռազմարդյունաբերական կապերի  ամրապնդման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում