Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ
«Հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել»:
Այս մասին Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները:
«2025 թվականի հոկտեմբերին արդեն ունենք 810 հազար 74 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատությամբ ավելի քան 5000-ով ավելի է: 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ աշխատատեղերն ավելացել են 223 895-ով, իսկ ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով, և միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313 հազար դրամ, ավելացել է 135 հազար դրամով:
Հիմա այս կարգի տնտեսական ցուցանիշները, բարեբախտաբար և ուրախալի կերպով, նորություն չեն, որովհետև Կառավարության նիստին այս թեմաներին պարբերաբար անդրադառնում ենք»,- ասել է նա:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 10,1 տոկոս ՏԱՑ-ի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատությամբ ՏԱՑ-ը կազմել է 8,1 տոկոս:
«Սա նույնպես, կարծում եմ, շատ կարևոր և պոզիտիվ ցուցանիշ է: Նաև ընդգծեմ, որ սա ՏԱՑ-ն է և տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց նաև պիտի արձանագրեմ (եթե ճիշտ եմ հիշում թվերը)՝ 9 ամիսներով ունենք արդեն 6 տոկոս արձանագրված տնտեսական աճ: Կարծում եմ՝ սրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են, և պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավելի է:
Նաև կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ մենք անընդհատ մեր քաղաքականություններում բացի ենթակառուցվածքներից՝ ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը, և այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով՝ կրթության կարևորությունը: Կարծում եմ՝ այս ուղերձներն ընկալվում են, և այդ ուղերձներն իրագործվում են ամենօրյա կյանքում:
Ուզում եմ ևս մեկ անգամ գնահատանքի և շնորհակալության խոսքեր ասել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող քաղաքացիներին»,- նշել է վարչապետը:


Կարծիքներ