Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին

Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը իր ցուցումով աշխատանքից ազատման դիմում է գրել:

Ըստ վարչապետի՝ Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Ցեղասպանության հուշահամալիր այցի ժամանակ ուղեկցելիս նրան նվիրել է արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք։

«Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ Կառավարության վարած քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ երբ երկրի վարչապետը ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն անհասկանալի է ու սադրիչ:

«Այս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարել։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը, և ով ՀՀ պետական պաշտոնյայի արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։

Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է՝ հստակ իր կառավարման տրամաբանությամբ, և այդտեղ չքմեղանալու բան չկա»,- եզրափակել է  վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում