Կառավարությունը մտադիր է դպրոցները ծառայեցնել որպես համայնքային կենտրոններ, կվերանայվեն կանոնադրությունները
2025 թվականի ավարտին կառուցման կամ նորոգման աշխատանքներն ավարտված կլինեն 110 դպրոցներում, աշխատանքներ ընթանում են ավելի քան 258-ում հաստատությունում, որոնցից 153-ում կառուցման, իսկ 105-ում կապիտալ նորոգման եղանակով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ նշված 357 ից առնվազն 300-ում աշխատանքները կավարտվեն 2026 թվականի ընթացքում, իսկ մյուսների կառուցումը կավարտվի 2027-ին:
«Հետեւաբար, ոչ միայն իրականացրած կլինենք Կառավարության ծրագրով սահմանված 300 նոր դպրոց ունենալու նպատակը, այլեւ մեկնարկած կլինենք դպրոցաշինության հաջորդ ծրագիրը:
Կառավարությունը նաև փոխադրամիջոցներ կտրամադրի մարզերում աշակերտների տեղաշարժն ապահովելու նպատակով։
Համայնքների համաչափ զարգացման համար Կառավարությունը մտադրություն ունի դպրոցները ծառայեցնելու նաև որպես համայնքային կենտրոններ։ Այս նպատակով արդեն վերանայվում են դպրոցների կանոնադրությունները։
Նոր կառուցված կամ վերանորոգված դպրոցները կարող են և պետք է նաև ոչ ֆորմալ կրթության և զարգացման կենտրոններ դառնան համայնքի բոլոր բնակիչների համար, անկախ տարիքից, նախասիրություններից և առանձնահատկություններից, նպաստելով այդ համայնքի ներառական զարգացմանը։
Սիրելի՛ քաղաքացիներ,
իմ գործունեությանը կարող եք հետևել սոցիալական հարթակների պաշտոնական էջերում, որտեղ անդրադառնում եմ օրենքների և որոշումների ընդունմանը, պատասխանում ձեր հնչեցրած հարցերին, անդրադառնում եմ առաջարկներին ու դիտարկումներին»,- գրել է Բաթոյանը:


Կարծիքներ