Տարածված լուրերը, որ Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը. «Ալիանս պլազա»

«Ալիանս պլազա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։
«Նշված շենքերը կառուցվել են և պատկանում են միայն «Ալիանս 64» ՍՊ ընկերությանը։
Եվ ևս մեկ անգամ հերքում ենք այդ "տաղավարային" խոսակցությունները և հայտնում, որ պարոն Սիմոնյանը ընդհանրապես առնչություն չունի մեր ընկերության հետ, ուստի խնդրում և հորդորում ենք ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և նման անհիմն ապատեղեկատվություն չտարածել»,- նշել են «Ալիանս 64» ՍՊԸ-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Ռոյալ Կասկադ» ընկերությունը ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ձևավորված խոսույթը «Ռոյալ Բիլդինգ» ընկերության ու Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։
Հիշեցնենք՝ նախօրեին Ալեն Սիմոնյանը հերքել էր Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ իր կապը և իրական տերերին հրավիրել հանդիպման:
Կարծիքներ