«ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի եղել». Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է միջազգային գործընկերների արձագանքները

«Այս իրադրության հետ կապված միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակն այն է, որ զարմացած են, թե ինչպես կարող է այնպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100.000 բռնի տեղահանված փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի հոգալ նրանց առնվազն կարճաժամկետ ու, նաև, միջնաժամկետ կարիքները։ Նրանք չեն հիշում աշխարհում նախադեպ, որ որևէ երկիր մտնի 100.000 բռնի տեղահանված, և, այդ երկրի փողոցներում քայլելիս, այդ երևույթը, որպես հումանիտար ճգնաժամ, չերևա»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե իրենց իշխանությունը կառավարչական հմտություններ չունի։
Նա նաև ասել է, որ ի սկզբանե կառավարությունը չի ունեցել նման պլան. «ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ՝ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ օրակարգում չի եղել։ Ինչ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ եթե ԼՂ-ից տեղահանվածները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, արվելու է ամեն ինչ, որպեսզի նրանք մնան Հայաստանում։
Կարծիքներ