Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտահետազոտական կազմակերպությունները ժամանակակից արժեքավոր սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման կապիտալ միջոցառման շրջանակում դեռևս 2024թ․-ին 3,4 մլրդ դրամ է ուղղվել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը:
Ձեռք է բերվել նաև գերհամակարգիչ, որը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Վերջինիս լիարժեք գործարկումն ու առավել արդյունավետ կիրառությունն ապահովելու համար ձևավորված տվյալների մշակման կենտրոնի մրցունակության բարձրացման նպատակով 2025թ. հատկացվել է ևս 1,17 մլրդ դրամ։ Գրեթե երկու տարի տևած նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներից հետո ավարտվել է գերհամակարգչի տեղակայման և փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը։
Ընդգծվել է, որ բացառիկ հաշվարկային հզորություն ունեցող, համատեղ օգտագործման համար նախատեսված այս գիտական ենթակառուցվածքն առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի արհեստական բանականության և բարձրարտադրողական հաշվարկների ոլորտներում կարողությունների ձևավորման համար՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։
Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է, որ գերհամակարգչի թիրախային օգտագործողները լինելու են մեքենայական ուսուցմամբ և արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտական խմբերը։ Այն հասանելի կլինի նաև հարակից ոլորտների գիտական խմբերին, ինչպես, օրինակ, հաշվարկային ֆիզիկայի, նյութագիտության, հաշվարկային քիմիայի, առողջապահության և կենսաբժշկական հետազոտությունների, կլիմայի մոդելավորման, ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի ոլորտներում գործող հետազոտողներին՝ գիտական կոնկրետ խնդիրների լուծման, ինչպես նաև կրթական նպատակով։
Գիտության ոլորտում ՀՀ կառավարության լայնածավալ բարեփոխումների համատեքստում ոլորտի պետական ֆինանսավորումը 2018թ.-ից սկսած շուրջ եռակի աճ է գրանցել:
Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահի վերանորոգման աշխատանքները․ մասնավորապես հիմնանորոգվում են գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվում է լուսավորության համակարգը, և տեղադրվում ապակեպատ տանիք՝ ստեղծելով նորարարական միջավայր:


Կարծիքներ