Քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։

 

Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։

 

Ասվածի վառ ապացույցը ներկայում հանրապետությունում ընթացող դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներն են, որոնց արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում պարբերաբար նոր դպրոցներ և մանկապարտեզներ են բացվում:

 

Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում և թիրախավորվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն և թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։

 

Հորդորում ենք կրթության ոլորտի զարգացմամբ իրապես մտահոգ քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։

 

Նախարարությունը շարունակելու է գործել բաց և թափանցիկ՝ հանրությանը տրամադրելով ամբողջական, ճշգրիտ և փաստարկված տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում