Ստամբուլի հողային կադաստրի երկրորդ շենքը կվերածվի թանգարանի, որտեղ կցուցադրվեն Սուրբ Սոֆիայի տաճարում ներկայացված իրերը

Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում գտնվող նահանգային հողային կադաստրի երկրորդ շենքը թանգարանի կվերածվի: Այս մասին գրում է Gazete Duvar պարբերականը:
Նոր թանգարանում կներկայացվեն այն իրերը, որոնք ներկայացված էին Սուրբ Սոֆիայի տաճարում մինչ դրա` թանգարանից մզկիթի վերածվելը:
Ստամբուլի նահանգի մշակույթի և զբոսաշրջության հարցերով պատասխանատու Ջոշքուն Յըլմազը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով հողային կադաստրի երկրորդ շենքն անցել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարության տրամադրության տակ:
«Ստամբուլից և տարբեր շրջաններից Սուրբ Սոֆիայի տաճարում հավաքված պատմական իրերը կտեղափոխվեն այստեղ: Այն ցուցադրական հարթակ կլինի տաճարում թանգարան եղած ժամանակ հավաքված իրերի համար: Շենքը կծառայի որպես թանգարան: Մենք սպասում ենք, որ մեր ընկերներն արագ կլքեն շենքը: Շենքի տարհանումից հետո մեր նախարարության աշխատակիցները կսկսեն աշխատանքները»,-ասել է Յըլմազը:
Նշվում է, որ Ստամբուլի հողային կադաստրի երկրորդ շենքը կառուցվել է 1910 թվականին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Կարծիքներ