Ինչ հուշագրեր ստորագրեցին Իրանն ու Հայաստանը. մանրամասներ

Ինչ հուշագրեր ստորագրեցին Իրանն ու Հայաստանը. մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահականում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն: 

«Լուրեր»-ը ներկայացրել է, թե ինչ հուշագրեր են ստորագրվել:

Ստորագրվեց նաև ՀՀ ԱԳՆ-ի և ԻԻՀ ԱԳՆ-ի միջև 2025-2027 թվականների, համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր: Հայկական կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ իրանական կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հայկական կողմից այն ստորագրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետավորման կազմակերպության ղեկավար, ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:

«Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվեց զբոսաշրջության  բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սալեհի Ամիրին:

«Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև ստորագրվեց մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում 2025–2029 թվականների համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվեց քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը:

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի եվ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եվ բժշկական կրթության նախարարության սննդի եվ դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվեց բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իրանական կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  դեսպան Մեհդի Սոբհանին:

Հայաստանի ազգային արխիվի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի (ԻԱԳԱ) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, իրանական կողմից ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռաեդ Ֆարիդզադեն:

«Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի» միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:

«Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև ստորագրվեց թանգարանային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև ստորագրվեց կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրվեց Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում