ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է ավելի քան 200 միլիոն եվրո դիմակայունության և աճի ծրագրի համար

ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է ավելի քան 200 միլիոն եվրո դիմակայունության և աճի ծրագրի համար

Եվրոպական միությունը Հայաստանին հատկացնելու է ավելի քան 200 միլիոն եվրո՝ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի շրջանակում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ 

«Ինձ համար շատ մեծ պատիվ է հայտարարել, որ մենք Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն ենք հատկացնում. ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին» Սա նաև վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարևոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն»,-նշեց Կոսը։ 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ 

Կոսն ընդգծեց նաև, որ խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելը ԵՄ-ի առաջնահերթություններից է։ 

«Երբ խոսում ենք տնտեսական զարգացումներից և հարաբերություններից, հաճախ մոռանում ենք, թե որքան կարևոր է ապրել խաղաղության պայմաններում։ Եվրոպան հիմնված է խաղաղության վրա և խաղաղության գործընկերն է։ Հարավային Կովկասը և Հայաստանը շատ կարևոր մաս են այն փոփոխությունների, որոնք փոխելու են իրավիճակը Եվրոպայում և տարածաշրջանում»,- ընդգծեց նա։ 

ԵՄ հանձնակատարը նշեց, որ 2021 թվականից ի վեր արդեն մոբիլիզացվել է ավելի քան 2,5 միլիարդ եվրո ներդրում Հայաստանի համար։

Բացի այդ, նա տեղեկացրեց, որ ստորագրվել է համաձայնագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ուղղված մաքսային գործողությունների բարելավմանը, ինչպես նաև փախստականների և նրանց հյուրընկալող համայնքների կարիքներին աջակցելուն։ 

Կոսը հավելեց, որ ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է միջազգային և միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելով նաև Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում