Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած ամանորյա մեծ շրջագայությունից
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած ամանորյա մեծ շրջագայությունից: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 2025թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2026թ.-ի հունվարի 7-ը, 9 համերգներով հանդես է եկել Չինաստանի այպիսի կարևոր մշակութային կնտրոններում, ինչպիսիք են Չանշայի համերգասրահը, Չուհայի մեծ թատրոնը, Լյոյանի մեծ թատրոնը, Շենյանի մեծ թատրոնը, Ուհանի Ցինտայ համերգասրահը, Ցզիբոյի մեծ թատրոնը, Բաոցզիի մեծ թատրոնը, Չանգշուի մեծ թատրոնը և Վուքսիի մեծ թատրոնը:
Որպես մենակատարներ հանդես են եկել չինացի երաժիշտներ կլարնետահար Տիան Շենը, սոպրանո Վու Բիքսիան և հայազգի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի փոխանցմամբ, արդեն երրորդ տարին է, որ նվագախումբը նման մասշտաբային հյուրախաղերով հանդես է գալիս Չինաստանում. «Ազգային ֆիլհարմոնիկն արդեն սիրված և սպասված նվագախումբ է Չինաստանում: Մենք հանդես ենք եկել տոնական ծրագրով, համերգներին նախորդել են մեծ գովազդային արշավներ: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ դասական երաժշտության տարածման հարցում Չինաստանը լուրջ պետական ծրագիր է մշակել և հետևողականորեն իրականացնում է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի պարբերական հյուրախաղերը նաև այդ ծրագրի արդյունքն են: Սա մեզ համար Չինաստանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ գոծունեություն է: Նվագախումբը Չինաստանում հանդես եկավ ոչ միայն հայ մենակատարի՝ հրաշալի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հետ, այլ նաև չինացի մենակատարների հետ՝ կատարելով նաև չին կոմպոզիտորների ստեղծագործություններ: Պետք է նշեմ, որ կազմակերպչական հարցերում չինացիները շատ վստահելի և պարտաճանաչ են և, իհարկե, վերջին շրջանում ողջ երկրով մեկ կառուցել են աննկարագրելի գեղեցիկ համերգասրահներ՝ ֆանտաստիկ ակուստիկայով»:
Համերգային ծրագիրը բաղկացած էր Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Շտրաուսների ստեղծագործություններից, Բրամսի Հունգարական պարերից, Ռոսինիի, Գլինկայի, Մոցարտի սիրված օպերաների նախերգանքներից, ինչպես նաև Խաչատրյանի «Վալս»-ից ու «Սպարտակ» բալետի երաժշտությունից: Մենակատարների մասնակցությամբ հնչել են հատվածներ Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կոնցերտ թիվ 2-ից, Չայկովսկու Ջութակի կոնցերտից, սոպրանոյի կատարմամբ հնչեց նաև Ալյաբևի «Սոխակը», Չինական ժողովրդական երգ՝ կոմպոզիտոր Հու Թին Ջիանի գործիքավորմամբ, Շու Նանի «Չինաստանը լույսերի մեջ» և Լիու Չիի «Իմ հայրենիքը» ստեղծագործությունները:
Շրջագայության մենակատարներից Անուշ Նիկողոսյանը նշում է. «Շատ եմ սիրում Չինաստանում ելույթ ունենալ, նրանք աչքի են ընկնում բարձր կազմակերպվածությամբ և մեծ պատասխանատվություն ու հարգանք են տածում դասական երաժշտության ու երաժիշտների հանդեպ: Նկատելի է, որ համերգները բացի իրենց բուն նպատակից, նաև կրթական բնույթ են կրում. ունկդիրների շարքերում հաճախ կհանդիպես երեխաների ու երիտասարդների:
Կարծում եմ, հանդիսատես կրթելն ըստ պետական ծրագրի ըդհանուր կրթության մաս է կազմում, ինձ համար դա շատ կարևոր փաստ է: Այս հյուրախաղերի ընթացքում 8 ելույթով հանդես եկա իմ սիրելի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կատարում էի Չայկովսկու Ջութակի կոնցերտը, մեր նվագախմբի կատարողական բարձր մակարդակը այնպիսի հիմք է հանդիսանում, որը թույլ է տալիս մենակատարին երաժշտությունն ամբողջությամբ կատարել այնպես, ինչպես ուզում ես, իսկ հաճախակի ելույթները նպաստում են անընդհատ նոր էլեմենտներ ու գույներ ավելացնել մեկնաբանությանդ մեջ: Այս հյուրախաղերը շատ հաճելի փորձառություն էին ինձ համար»:
Սա Նիկողոսյանի արդեն չորրոդ այցելությունն է Չինաստան, նախկինում նա երկու անգամ ելույթ է ունեցել Ուհանի Ցինտայ համերգասրահում տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ, կատարելով Պրոկոֆևի Ջութակի թիվ 2 և Խաչատրյանի Ջութակի կոնցերտները, մեկ անգամ էլ հանդես է եկել Շենժենում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ մասշտաբային շրջագայությունները կայացել են 2019թ-ի դեկտեմբեր և 2020թ.-ի հունվար ամիսներին՝ 10 համերգով և 2023թ.-ի դեկտեմբերին՝ 9 համերգով:






Կարծիքներ