ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. ԱՆ պարզաբանումը

ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. ԱՆ պարզաբանումը

VT Foreign Policy հարթակում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով, և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ նշված պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական և օրենսդրական կարգավորումներին։

 

«Ընդգծում ենք, որ ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի, և դատավորների նշանակման գործընթացը իրականացվում է բացառապես սահմանադրական և օրենսդրական կարգավորումներով:

 

Հայաստանի Հանրապետությունում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։

 

Օրինակ՝ առաջին ատյանի դատավորի ընտրությունն իրականացվում է բազմափուլ, մրցակցային և թափանցիկ ընթացակարգով, որը ներառում է`

թեկնածուների հայտերի ընդունում և ստուգում,

որակավորման գրավոր քննություն համապատասխան մասնագիտացման ոլորտում,

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրում,

հարցազրույց՝ մասնագիտական և անձնական որակների գնահատման նպատակով։

Նշված փուլերի արդյունքների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է հավակնորդների ցուցակ, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա՝ պարտադիր ուսուցման կազմակերպման համար։ Ակադեմիայում ուսուցումն ավարտելուց հետո թեկնածուները ընդգրկվում են դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներում, և միայն այդ ցուցակներում ընդգրկված անձինք կարող են ներկայացվել Հանրապետության նախագահին՝ նշանակման նպատակով։

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ,

Վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում թեկնածուները ներկայացվում են Ազգային ժողովի կողմից՝ ԲԴԽ-ի առաջարկած երեք թեկնածուներից մեկի ընտրության արդյունքում։

Ի գիտություն նշենք, որ դատավորների ընտրության և նշանակման գործընթացը չի կարող ծառայել քաղաքական նպատակներին կամ կապվել ընտրական գործընթացների հետ, իսկ VT Foreign Policy-ի կողմից տարածվող պնդումները տվյալ հարցի վերաբերյալ չեն հիմնվում փաստերի կամ իրավական հարթության վրա և հանդիսանում են ապատեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում