«Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում». Զեմֆիրան կիսվել է երևանյան տպավորություններով

Ռուս հայտնի երգչուհի Զեմֆիրան հրապարակում է կատարել Երևանի համերգից հետո՝ կիսվելով իր հույզերով և տեղադրելով մի քանի լուսանկար։ Նա խոսել է թե՛ քաղաքի, թե՛ մարդկանց ջերմության մասին՝ նշելով, որ այս երեք օրերը եղել են բացառիկ։
«Երևանը ինձ ապշեցրեց։ Այսքան ջերմություն՝ երեք ամբողջ օր, բոլորից, ամեն տեղից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մի հարց պտտվում էր գլխումս՝ «ինչպե՞ս պատահեց, որ երբեք այստեղ չէի եղել»,– գրել է երգչուհին։
Զեմֆիրան նաև առանձնահատուկ անդրադարձել է համերգի մթնոլորտին, հանդիսատեսի էմոցիոնալ արձագանքին և վերջին երգի ընթացքում իր կողմից կատարված իմպրովիզին՝ նշելով, որ դա եղել է հազվագյուտ պահ։
«Ես միշտ սիրել եմ իմպրովիզներ, բայց հիմա դա անում եմ գնալով ավելի հազվադեպ։ Այս անգամ ստացվեց։ Գագիկը՝ երեկոյի անկասկած հերոսն էր։ Քաջ ու զգայուն։ Հայաստանի քվինտեսենցիան»,– գրել է երգչուհին։
Նրա խոսքով՝ համերգը դարձել է ոչ միայն երաժշտական ելույթ, այլ սրտից սիրտ հանդիպում՝ հիշվող ու զգացմունքներով լի։ «Հետո հիշում ես ու մտածում՝ «Ի՜նչ լավ էր»»,– նշել է Զեմֆիրան։
Երգչուհին շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով․ «Մարդիկ ասում ու գրում են՝ «հիասքանչ համերգ էր», բայց իրականում դուք էիք, որ այդպիսին դարձրիք այն։ Ես կարծում եմ՝ հենց դա է ծածկում ամեն ինչ՝ այն գիտակցումը, որ այս երկու ժամի ընթացքում բոլոր այդ մարդիկ քո ընկերներն են։ Շնորհակալություն, Երևան»։
Նա նաև պատմել է, որ համերգից հաջորդ օրը «բացվել» է Արարատը՝ ամբողջությամբ տեսանելի դառնալով. «Ասում են՝ ամռանը դա հազվադեպ է պատահում»,– նշել է Զեմֆիրան։
«Հ.Գ. Ինչպե՞ս պատահեց, որ երբեք այստեղ չէի եղել…»,– այս խոսքերով է եզրափակել իր հրապարակումը երգչուհին։
Կարծիքներ