Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է հանցավոր խախտումների 10 դեպք. դատախազություն

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է հանցավոր խախտումների 10 դեպք. դատախազություն

Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ:

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք. 6-ով նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

Նշվում է, որՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ:

Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք: Մասնավորապես՝

• քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում,

• ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում,

• առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում,

• հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում:

ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան  հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց:

Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ էին ընթանում, որի  նախնական արդյունքներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել: Քաղաքական ուժերին չէր հաջողվել նաև կոալիցիաների վերաբերյալ համաձայնության գալ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, Կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում