Նրան չներեցին, որ թշնամիներ չէր տեսնում իր հայրենիքում ու սահմանները մեծացնում էր. Ադամյանը՝ Սարգսյանի մասին

Նրան չներեցին, որ թշնամիներ չէր տեսնում իր հայրենիքում ու սահմանները մեծացնում էր. Ադամյանը՝ Սարգսյանի մասին

Ինչպես հայտնել ենք՝ լրանում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 26-րդ տարելիցը:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ մեջբերելով խոսքեր Վազգեն Սարգսյանի՝ տարբեր ժամանակահատվածներում արած հայտարարություններից:

«Չեմ ասելու՝ մեզ ներիր, իրավունք չունեմ…

…Ցուրտը, առաջին զգացողությունը ցուրտն էր, խայտառակ ցուրտը: Անհեռանկար հունվարյան ցուրտը: Իսկ Ազատության հրապարակը լիքն էր՝ չհրավիրված հանրահավաք: Ցուրտը գողանում էր բառերը ու փորձում իմաստն էլ ոչնչացնել: Չէր ստացվում: Բառերը զրնգում էին օդում ու սպանում ցուրտը: Բառերի մեջ խոստում չկար, տաք ու լուսավոր օրերի գալու մասին հիշեցում չկար, բայց այդ բառերից տաքանում էիր: Կար զգաստ, խիստ ու գործնական, արագախոս ձայն, որ ասում էր՝ մենք բանակ չունենք: Ու դա իրականություն է: Բայց իրականություն է նաև այն, որ մենք բանակ պիտի ունենանք՝ մեր բանակը: Նա չէր խոսում թշնամու մասին, սահմանների մասին, սահմանների անպաշտպանության ու պաշտպանելու անհրաժեշտության մասին: Նա ասում էր, որ Հայաստանը պիտի բանակ ունենա: Ինքն էր ասում: Ցու՞րտը: Հունվա՞րը: Թշնամի՞ն: Թշնամու սկսած պատերա՞զմը: Վա՞խը: Զենք չունենա՞լը: Զինվոր չունենա՞լը… Պատճառ չեն, խթան են: Բանակ պիտի լինի: Ու ընդամենը մի քանի տարի հետո հենց ինքը պիտի ասեր.

-Ես օրվա և մոտակա նպատակներ դնող և լուծող մարդ եմ: Այդ տեսակն եմ: 1989-ին, երբ խոսք էր գնում բազմահազարանոց բանակ ստեղծելու մասին, մենք Արարատում ստեղծեցինք ինքնապաշտպանական ջոկատը, երբ ամբողջ հայ ժողովուրդը մտածում էր բազմահազար ավտոմատներ ձեռք բերելու մասին, մենք մեր ջոկատը զինեցինք որսորդական հրացաններով ու ինքնաշեն նռնակներով: Հետո, երբ բոլորը խոսում էին ռմբակոծիչների մասին, ես, արդեն որպես պաշտպանության նախարար, հայթայթում էի ավտոմատների առաջին չափաբաժինը: Հետո, երբ բոլորը խոսում էին հեռահար կայանքների մասին, ես փորձում էի Հայաստանի նորաստեղծ բանակի համար հրետանու միջոցներ ու ինքնաթիռներ ճարել: Եվ այսպես շարունակ: Արդյունքում՝ այսօր Ադրբեջանն աղմկում է արդեն մեր հեռահար հրթիռների, Հայաստանի՝ որպես ատոմային պետության մասին:

Բանակ պիտի լիներ… Նույնիսկ եթե երկիրն ու պետությունը դեռ չկային՝ որպես երկիր ու պետություն: Բանակ պիտի լիներ, որ երկիրն ու պետությունն էլ լինեին: Դիմանային, դիմակայեին, դիմադրեին… Անհեթեթ պատճառաբանություն էր՝ ոչինչ չունենալը ու ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտությունը: Նա չէր փնտրում արդարացում, նա միջոցներ էր գտնում: Նա հավատում էր անհրաժեշտության երկաթե տրամաբանությանը, որ հնարավորություն է ստեղծում ոչնչից: Հետո ինքն էր ՙարդարանալու՚.

-Ես դյուրահավատ չեմ: Դյուրահավատ չեմ, հավատավոր եմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղին-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե ես, թե բանակը:

Այդպես՝ փամփուշտ առ փամփուշտ, զինվոր առ զինվոր ստեղծվեց բանակը ու առաջին գունդը՝ ընդամենը հինգ ջոկատ, հրապարակից գնաց ռազմաճակատ: Այդպես ստեղծվեցին հաղթանակները՝ ճակատամարտ առ ճակատամարտ, կրակոց առ կրակոց, մետր առ մետր՝ մինչև զինադադար: Ու բոլոր խրամատներում նա եղավ, որովհետև հրամանատարը զինվորի հետ է, եթե բանակն ուզում է հաղթել… Ու նա բոլոր զինվորների հետ էր, որովհետև սահմանամերձ հայրենիքում պատերազմի ժամանակ ոչ զինվորներ չեն լինում: Հետո, հաղթանակից հետո են նրանք հայտնվում, որ զինվորական համազգեստով խրամատներում լուսանկարվեն ու հաղթանակից իրենց մասը առգրավեն՝ չունեցած-հնարած, բայց խաղաղության մեջ անհրաժեշտ դարձած մասը: Ու արդեն բոլորն էին տեր բանակին, բոլորն էին եղել բանակ ստեղծող ու հաղթանակներ ստեղծող՝ լեզուն ոսկոր չունի: 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո մեզ մատուցվող պաշտոնական ՙհիշողությունը՚ խմբագրեց ճշմարտությունը՝ նրան խնամքով ջնջելով՝ չի եղել, չկա, ո՞վ էր որ, դաշտերում վազվզող մեկը…

Ասում են՝ հաղթողներին չեն դատում: Նրան դատեցին՝ հաղթանակի համար: Նրան դատապարտեցին մահվան՝ հաղթելու համար: Բանակում հրամաններ են կատարում՝ նրա լուսանկարը հրամանով հանվեց ամեն տեղից, ուր պիտի լիներ: Նրան չներեցին, որ թշնամիներ չէր տեսնում իր հայրենիքում ու իր հայրենիքի սահմանները մեծացնում էր: Նրան չներեցին, որ ընկերներին չէր դավաճանում: Նրան չներեցին, որ սիրում էր իր հայրենիքը: Սիրում էր իր ընկերներին: Ուժեղ էր: Նրան հնարավոր չէր խաբել, մոլորեցնել, համոզել, կաշառել, գնել, հնարավոր էր միայն …սպանել:

Ասում են՝ պարտությունը որբ է: Նրա հաղթանակը որբացավ: Կասկածի տակ դրվեց: Իմաստազրկվեց: Նույնիսկ Շուշին ազատագրելուց հետո: Նույնիսկ Շուշիի ազատագրումը ՙխմբագրվեց՚՝ կատարողները դարձան ծրագրողներ: Որովհետև նրա ու նրա իրական զինակիցների գործը մնաց կիսատ: Անավարտ՝ ինչպես… Բայց արդյո՞ք նրա…Չհասկացված ու հանիրավի մեղադրանքի սյունին գամված մեր հաղթանակը ուրացանք ու կորցրինք մենք, որովհետև երբ սկսեցինք ապրել չավարտված պատերազմի ու չսկսված խաղաղության մեջ՝ ՙմոռացանք՚ նրանց, ովքեր կյանքի ու մահվան գնով մեզ էին մատուցել այդ խաղաղությունը: Եռաբլուրը դարձրինք սոսկ պանթեոն: Որովհետև մեր իրական դիմադրողականությունը զրո էր ու մենք ուժեղ էինք ուժեղի հետ, եկան թույլերը, ու մենք թուլացանք: Մենք սկսեցինք ապրել մեր կյանքով, որ հայրենիքի կյանքի հետ չէր հատվում, որովհետև մենք նեղացել էինք մեր հայրենիքից, որը մեզ չէր սիրում արդեն, որին մենք էլ սկսեցինք չսիրել, որովհետև հիմար էինք այնքան, որ հայրենիքը նույնացնում էինք իշխանության հետ: Ու մոռացել էինք, որ մեր սահմանամերձ հայրենիքը մանրամասն սիրելու հայրենիք է: Որ մեծ արագությունների երկիր չէ: Մեծ խորությունների երկիր է: Մանրամասն սիրողներին հռչակեցինք թշնամի ու արագ սկսեցինք մենք մեզ թշնամանալ: Հապաղեցինք պետության պաշտպանության կարևորագույն որոշումներ ընդունել: Սկսեցինք սահել իրադարձությունների մակերեսով, խորքը ուրացանք: Այլևս ասող չկար.

-Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժի՞, թե՞ չարժի զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915-ին առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-1995-ին հինգ հազար հրաշալի զինվոր կորցրինք, այլ՝ ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել…

Այլևս ասող չկար.

Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ արել են միջին դարերում, մյուսները՝ ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ:

…Ու նրանից հետո այլևս ոչ ոք զորանոցներում զինվորների անկողինները չէր ստուգում, զինվորական ճաշը չէր համտեսում, որ ոչինչ պակաս չլինի:

Ու նրանից հետո այլևս ոչ ոք Անկախության տոնին զինվորական շքերթում՝ ի տես իր ստեղծած բանակի լաց լինելու ուժ ու հպարտություն չունեցավ:

Ու նրանից հետո այլևս ոչ ոք իր զինվորներին չհորդորեց՝ նամակներ գրեք ձեր սիրելիներին: Ոչ ոք բարի աշուն չմաղթեց: Սրտով մտածելու մասին մոռացանք բոլորս:

Հ.Գ.

Չեմ ասելու՝ ներիր մեզ, Վազգեն: Իրավունք չունեմ: Ասելու եմ՝ դու ճիշտ ես՝ 21-րդ դարը մերն է լինելու, մեր բոլոր պարտությունները պարտվել ենք ու այլևս հաղթելու ժամանակն է»,- գրել է Ադամյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում