Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարեց Khachaturian Rooftop-ի հանդիսավոր բացումը
«Արամ Խաչատրյան» համերգասրահի պատմության մեջ գրանցվեց նոր էջ․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ առաջին անգամ դուրս եկավ ավանդական բեմի սահմաններից՝ հանդիսատեսին ներկայանալով անմիջապես բաց երկնքի տակ։ «Երևան գալա» առանձնահատուկ համերգով հանդիսավոր կերպով ազդարարվեց համերգասրահի մեծ տանիքի՝ Khachaturian Rooftop-ի բացումը։
Մայրամուտի ոսկեզօծ շողերի ներքո մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքում հնչեցին Երևանի մասին բոլոր ժամանակների սիրված ու հարազատ երգերը՝ «Գարուն Երևան», «Իմ Երևան», «Երևան, իմ բարի քաղաք», «Երևանի սիրուն աղջիկ» և այլ ստեղծագործություններ։ Հայաստանի առաջին և գլխավոր՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ դրանք ստացան հարուստ սիմֆոնիկ հնչողություն։ Կատարումներն ուղեկցվում էին շքեղ 3D լուսային անիմացիաներով և մեծ էկրանին ցուցադրվող տեսաշարերով, ինչն էլ ավելի տեսարժան ու տպավորիչ դարձրեց այդ յուրահատուկ երեկոն:
Համերգը ղեկավարում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և դիրիժոր Յարոսլավ Բիչկով։ Ազգային ֆիլհարմոնիկի հետ միասին Khachaturian Rooftop-ում բեմ բարձրացան հայկական բեմի սիրված կատարողները՝ Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Աղաջանովը, Գուրգեն Բավեյանը և Ռոման Խնկոյանը։ Երեկոյի հատուկ հյուրն էր սիրված օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը:
Khachaturian Rooftop-ի նախագծի գաղափարի հեղինակ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը նշում է, որ դեռևս 5 տարի առաջ տնօրենի կարգավիճակում այս համերգասրահ ոտք դնելուց ի վեր իր գլխավոր նպատակներից է եղել այն, որ մեր երկրի ամենագեղեցիկ և պատմական համերգասրահներից մեկն ամեն առումով համապատասխանի միջազգային բարձր ստանդարտնեի. «Շատ աշխատանքներ արդեն արված են: Khachaturian Rooftop-ը, կարելի է ասել, համերգասրահի վերջին տարածքն էր, որ դեռևս չէր շահագործվել ի նպաստ մեր հանդիսատեսի և աշխատակիցների: Կարծում եմ, որ Թամանյանն անգամ նախատեսել էր, որ ապագայում նման բան կլինի, քանի որ շենքի ճարտարապետությունն այնպիսին է, որ այս տարածքը պարզապես հնարավոր չէ պարապ թողնել: Վստահ եմ, որ համերգասրահի այս նոր, բացօթյա հարթակում բազում իրադարձային երեկոներ ենք վայելելու: Իմ շնորհակալությունն եմ հայտնում «ԱյԴի Բանկ»-ին, որն այսօրվա յուրօրինակ երաժշտական երեկոյի գլխավոր գործընկերն է: Բանկն այս տարի նշում է իր հիմնադրման 35-ամյակը: Ուրախ ենք, որ բանկի հոբելյանական միջոցառումներն այս երեկո մեկնարկում ենք միասին: Շնորհավորում եմ մեր գործընկերներին և շնորհակալություն հայտնում արվեստի կողքին լինելու համար»:
Վերջին տարիներին «Արամ Խաչատրյան» համերգասրահն ապրում է իր իսկական վերածնունդը․ իրականացվել են հսկայական բարեփոխումներ, և բազմաթիվ նորամուծություններ են կյանքի կոչվել համերգասրահի տնօրինության նախաձեռնությամբ։ Khachaturian Rooftop-ի բացումն այդ լայնամասշտաբ ծրագրերի կարևորագույն փուլերից մեկն է, որը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կպարգևի մշակութային նոր ձևաչափի միջոցառումներ վայելելու հնարավորություն։
Համերգն ավարտվեց հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո՝ դառնալով անկեղծ սիրո խոստովանություն մեր վարդագույն Երևանին։







Կարծիքներ