Նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ

Նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ

ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Այն կներկայացվի ԱԺ քննարկմանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ նախատեսվում է ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ: Նախարարը տեղեկացրեց, որ պարտադիր ծառայության դիմած իգական սեռի քաղաքացիներին ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչև զորակոչի օրը նրանք հնարավորություն ունեն հրաժարվելու ծառայությունից: Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ծառայության ժամկետը վեց ամիս է:

Նախագծերի փաթեթի համաձայն` սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց` սա իրականում պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, ընդգծեց` դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ ծառայություն:

«Կլինեն մարդիկ, որ կզորացրվեն 6 ամիս անց, կլինեն նաև, որոնք կանցնեն մարտական զինծառայության: Ընկալումն է պետք փոխել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են: Ո՛չ, կանայք պետք է դառնան լիարժեք զինծառայության մաս»,- ասաց նա:

Օրենքի նախագծերը մինչև այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ: Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում