Միջազգային հանրության խնդիրն է ապահովել, որ տարածաշրջանում էթնիկ զտումներ տեղի չունենան․ Փաշինյան

Միջազգային հանրության խնդիրն է ապահովել, որ տարածաշրջանում էթնիկ զտումներ տեղի չունենան․ Փաշինյան

Լինելով Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, բայց վերահսկվելով էթնիկ հայ բնակչության կողմից՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության փլուզումից ի վեր եղել է երկու պատերազմի թատերաբեմ, և Ռուսաստանը երկու անգամ էլ միջամտել է՝ երաշխավորելու նրա անվտանգությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է POLITICO պարբերականը՝ ներկայացնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը։

Ըստ պարբերականի՝ այժմ, թվում է, թե ստատուս քվոն երաշխավորելու Մոսկվայի կարողությունը գոլորշիանում է:

«Անվտանգային իրավիճակը կտրուկ փոխվել է՝ շփման գծի խախտումներով և Լեռնային Ղարաբաղի տարածք ներխուժմամբ»,- ասել է Փաշինյանը՝ Ադրբեջանին մեղադրելով մարդասիրական ճգնաժամ ստեղծելու մեջ, քանզի վերջինս փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ մայրուղին, մինչդեռ ՌԴ խաղաղապահները հանձնառել էին հսկել միջանցքով ազատ շարժը 2020 թվականի հրադադարի փաստաթղթի համաձայն։

Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղին օգնության տրամադրող միջազգային կազմակերպություններն ասում են, թե սննդամթերքի և վառելիքի մատակարարումներն ամիսներ շարունակ արգելափակված են և տարածաշրջանում հնչում են սպասվող սովի մասին նախազգուշացումներ: Ադրբեջանի կառավարությունը Լենային Ղարաբաղի հայերին կոչ է արել վայր դնել զենքերը, մատակարարումներ ստանալ Ադրբեջանի ներսից և ընդունել նրա գերիշխանությունը որպես Ադրբեջանի մաս:

Սա հստակ նշան է, որ Ռուսաստանն այլևս չի գործում իր կշռին համարժեք, դժգոհել է Փաշինյանը։

«Այս ամենը պետք է լինի ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում, և քանի որ խնդիրներն առկա են, ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը, թեև չեմ կարող չասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, այժմ իրավիճակն ավելի լավ կլիներ», - վարչապետի տեսակետը մեջբերել է POLITICO-ն։

Պարբերականի գնահատմամբ՝ ռուսական ուժերի ձախողման հետ կապված վրդովմունքը Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների վատթարացման մի մասն է դարձել: Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի դեսպանին կանչել է «դժվար» զրույցի, ինչի համար հիմք է հանդիսացել անբարյացակամ քայլերի շարանը, այդ թվում Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Կիև ու Երևանի որոշումը՝ առաջին անգամ Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու առթիվ։

Հայաստանն իր հերթին հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ-ից, որի լիիրավ անդամն է և դաշինքին մեղադրել է նախկինում աջակցություն ցուցաբերելու խնդրանքները չկատարելու մեջ այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա: Պաշտոնական Երևանն ամերիկացի զինվորներին հրավիրել է համատեղ զորավարժություններ անցկացնել՝ «Eagle Partner 2023» անվանումով, մինչդեռ Ռուսաստանը դեմ է արտահայտվել այդ որոշմանը: Ավելի վաղ ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Էնթոնի Բրենթոնը Reuters-ին ասել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ստիպել է Հայաստանի նման երկրներին, որոնք նախկինում ՌԴ-ից կախված էին աջակցություն ստանալու հարցում, ավելի վստահելի պաշտպաններ փնտրել։

Վլադիմիր Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը քիչ բան կարող է անել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այս տարվա սկզբին Հայաստանը ճանաչեց այն որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք: Փաշինյանը հաստատեց այդ դիրքորոշումը POLITICO-ին տված հարցազրույցում, սակայն ասաց, որ այժմ միջազգային հանրության խնդիրն է ապահովել, որ տարածաշրջանում էթնիկ զտումներ տեղի չունենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում