Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձաժողովների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և հայտարարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։

Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։

Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը չունի սահման և ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը պատրաստվում է զիջել իր սուվերեն տարածքից որևէ քառակուսի մետր։

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման հետագա գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով․ մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր»։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում