Այս գործընթացի ընթացքում շփման գիծը վերածվելու է սահմանի` այստեղից բխող դրական գործընթացներով

Այս գործընթացի ընթացքում շփման գիծը վերածվելու է սահմանի` այստեղից բխող դրական գործընթացներով

Մենք մեր ամբողջ խոսույթում առաջ ենք տանում գաղափարներ, որոնք մեզ պահում են լեգիտիմության դաշտում միջազգային իրավունքի տեսանկյունից:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պայմանական չորս գյուղերից մեկն ամբողջովին ադրբեջանական վերահսկողության տակ էր, կես գյուղ ևս, ուստի, ըստ էության, խոսքը երկուսուկես գյուղերի մասին է, որտեղ այդ սահմանագծումն ու սահմանազատումն ապահովել են:

Հարցին` որն է երաշխիքը, որ սա կաշխատի, Հարությունյանն ասաց․

«Այստեղ գալիս է արդեն այն, թե կողմերը որքան լուրջ են տրամադրված. ցանկացած կողմ, ցանկացած իրավիճակում, վերանանք Հայաստանից և Ադրբեջանից, ելնելով ինչ-ինչ շահերից կարող է հրաժարվել բանակցություններից, հիմա մեր մարտավարությունն է` լինել նախաձեռնող, սեղանին անընդհատ դնել առաջարկներ, որոնք թույլ կտան անընդհատ բանակցությունների միջոցով ադ հարցը լուծել, ոչ թե լրացուցիչ լարվածություն առաջացնել:

Մենք ասել ենք` այս պահին և այս պահից սկսած` բոլոր այն տարածքները, որոնք մինչև ԽՍՀՄ փլուզումը եղել են ՀՀ վարչական սահմաններից ներս, և որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է վերադառնան Հայաստանի վերահսկողության տակ, Ադրբեջանի վարչական սահմաններից ներս գտնվող բոլոր տարածքները, որ ՀՀ վերահսկողության տակ են, պետք է վերադառնան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Չկան տարածքներ այս հատվածում, որոնք ժամանակին եղել են ՀՀ վարչական սահմաններից ներս։ Այսինքն` այդ չորս գյուղերը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում, թե իբր Տավուշի մարզից գյուղեր են տրվում, ինչը սուտ է և կեղծիք»:

Հարությունյանն անդրադառնալով մտահոգություններին, թե սահմանագծումից հետո հիշատակվող չորս գյուղերը մոտ կլինեն շփման գծին, ասաց՝ այսօր էլ այդ գյուղերն, ըստ էության, շատ մոտ են շփման գծին։

«Այս գործընթացի ընթացքում շփման գիծը վերածվելու է սահմանի` այստեղից բխող դրական գործընթացներով. եթե դրանք շփման գիծ են, շատ ավելի վտանգավոր են, քան եթե սահմանազատված են և անվտանգային հարցերը տվյալ հատվածում քննարկված են: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այն խոսույթը, թե «գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում». հիմա էլ կարող ենք նշված գյուղերը համարել, որ ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք դրա մասին, երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ։ Սահմանագծված և սահմանազատված և շփման գծից սահմանի վերածված հատվածները շատ ավելի անվտանգ են»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում