Մեր եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել մեր աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ. Մարիա Կարապետյան

Մեր եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել մեր աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ. Մարիա Կարապետյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է.

«Մեզ կրոնապետություն չի սպառնում։ Չի կարող սպառնալ, քանի որ մենք հենց կրոնապետություն է, որ եղել ենք դարեր շարունակ, երբ չունեինք պետություն։ Այդ ժամանակ է ձևավորվել մեր քաղաքական մտքում մինչև վերջերս գերակա կրոնապետական ձևը, որը այնքան ուժեղ էր, որ նույնիսկ մեր Երրորդ՝ անկախ և աշխարհիկ Հանրապետության առաջին երեսուն տարում չէր ընկրկում։

Եւ այժմ մեր եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել մեր աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ։

Եւ ուրեմն միակ բանը, որ մեզ կարող է «սպառնալ» վերջնական ազատագրումն է քաղաքական կյանքում կրոնական մտքերից՝ «Այս Հայաստանը երկրային կյանքի նման անցողիկ է, մենք պետք է մարտիրոսվենք հանուն մեր ավետյաց երկրի»։

Իսկ նման մտքերից մեր վերջնական ազատագրումը մեզ կբերեն հենց եկեղեցու սպասավորները իրենց ձեռամբ՝ իրենց կոշիկները քաղաքացիների մեքենաների վրա կոճկելով և անցյալ կայսրությունների նպատակները սպասարկելու իրենց մտքերը տեխնոլոգիական այս դարում ի լուր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հեռարձակելով։

Նրանցից մեկը՝ Միքայել Աջապահյանը օրերս տված մի հարցազրույցում ասում է․ «Մի քանի օր առաջ, երբ որ այստեղ հավաքվել էին որոշ մտահոգ երիտասարդներ, ես ասացի, որ ով էլ որ գա իշխանության, ինքը դեռ ետքայլ է անելու, որովհետև այս ապիկարների բաց թողած գնացքը այնպիսի արագությամբ է գալիս մեզ վրա, որ կանգնեցնելը ետքայլ է ենթադրում, մի քանի քայլ էլի պիտի ետ գնաս, բայց պիտի ետ գնաս, առաջ գնալու համար։»

Ի՞նչ ետքայլերի մասին է խոսում պարոն Աջապահյանը։ Պատասխանը թերևս կարելի է գտնել Արցախի «փրկության» նրա բանձևման մեջ․ «Ես ուրիշ բան էլ եմ ասել, չէ՞, եթե եկեղեցական իշխանություն լիներ Արցախում, Արցախի հայությունը կմնար […] հազար տարի, երկու հազար տարի պահել էինք, էլի կպահեինք հայ ժողովրդին Արցախում, երբ որ տեսնեինք, որ պետականությունը այլևս ի վիճակի չէ Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու։»

Վերջին տարիներին Հայաստանի ժողովրդի ինքնակազմակերպման գերագույն ձևի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ընդվզել են այսպիսի քաղաքական մտքի կրող գեներալներ և դիվանագետներ, ընդվզել են և ընկրկել, այժմ այդ քաղաքական մտքի բուն ծնողի՝ եկեղեցու հերթն է։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում