Ինչո՞ւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Ինչո՞ւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

2024 թվականի արդյունքներով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունեցել է իրացումների նվազում 2023 թվականի համեմատությամբ: Այդ պատճառով 2025 թվականի վճարման ենթակա ռոյալթին նվազել է: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե չի հիշում դեպք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված չլինի, և խնդրել էր պարզաբանել հարցը:

ՊԵԿ նախագահը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ կոմբինատի կողմից նախորդիվ վճարման ենթակա հարկից ավելի հարկ է վճարվել պետբյուջե. «Քանի որ 2024 թվականին վճարվել էր ավելի մեծ կանխավճար, դրա մասն առաջին եռամսյակում վերադարձվել է: Այսինքն՝ ավելի շատ է վճարել կանխավճար, առաջին մասը վերադարձվել է»:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ խոսքը մոտավորապես 22-23 միլիարդի մասին է, որ մեկանգամյա գործարքի արդյունքում վերադարձվել է:

«Այս 22-23 միլիարդի վերադարձի պատճառով [Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը] միանգամից դուրս է եկել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից:

Բայց դա դեռևս չի նշանակում, որ հաջորդ եռամսյակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնվելու 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում