Հայաստանն 9 հորիզոնականով բարելավել է ցուցանիշը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս - 2025» զեկույցը, որի համաձայն՝ լրատվամիջոցների ազատությունը մտահոգիչ անկում է ապրում աշխարհի շատ մասերում, և ԶԼՄ-ների թուլացման պատճառներից մեկը, չնայած հաճախ թերագնահատվում է, տնտեսական ճնշումն է։
RSF Index տնտեսական ցուցիչով չափված տվյալները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա լրատվամիջոցները գտնվում են իրենց խմբագրական անկախությունը պահպանելու և տնտեսական գոյատևումն ապահովելու միջև, ասվում է զեկույցում։
Այնուամենայնիվ, Հայաստանը համարվել է տարածաշրջանում առաջատարը և կրկին բարելավել է իր դիրքերը՝ երկրների վարկանիշային աղյուսակում բարձրանալով 9 հորիզոնականով՝ 180 երկրի շարքում 43-րդ տեղից հասնելով 34-րդ հորիզոնականին:
Հայաստանի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ չնայած բազմակարծիք միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որը սնվում է ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև երկրի բարդ իրավիճակով: Տեղեկատվության հիմնական աղբյուրը սոցցանցերն են, որոնց ամեն օր դիմում է բնակչության երկու երրորդը։
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, իսկ անկախ լրատվական կայքերը բարգավաճում են և կատարում անկախ դիտորդի դեր, որն անհրաժեշտ է ժողովրդավարության մեջ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ կապված հեռարձակող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը շարունակում է ճնշման ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության պատճառով, նշվում է զեկույցում։
Վրաստանը վատթարացրել է իր դիրքը՝ մեկ տարվա ընթացքում նահանջելով 11 հորիզոնականով և 180 երկրի շարքում զբաղեցրել է 114-րդ տեղը։ Ադրբեջանը շարունակում է նահանջել, այս անգամ 3 հորիզոնականով, և զբաղեցնում է 167-րդ հորիզոնականը, Թուրքիայի ցուցանիշն է 159/-1, Ռուսաստանինը՝ 171/-9, Իրանինը՝ 176/0:
Նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանից առաջ են միայն ԵՄ ներկայիս անդամները՝ Էստոնիան՝ 2/+4, Լիտվան՝ 14/ -1, Լատվիան՝ 15/ -3:
Ամենաազատ լրատվամիջոցներն ունի Նորվեգիան, ամենաանազատը՝ Էրիթրեան:
Կարծիքներ