Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը

Սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։

Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև ներկա իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը նշել է Ադրբեջանի հանձնառությունը՝ երկխոսելու Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման և հայ բնակիչների «կարիքները բավարարելուն ուղղված համապարփակ միջոցառումների շարունակականությանը»:

Ընդգծվել է Ադրբեջանի տարածքներում հայկական զինված ուժերի լուծարման և զինաթափման աշխատանքների իրականացումը, «ադրբեջանական տարածքներից» դուրսբերումը, ինչպես նաև խաղաղ գործընթացին նպաստելու Ադրբեջանի շահագրգռվածությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում