Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շնչառական վարակների ակտիվ շրջանառությունից ի վեր՝ հոկտեմբերի սկզբից սկսած, 15 հազարից ավելի մարդ բուժօգնության համար դիմել է առողջության պահպանման առաջին օղակ, փոխանցում է «Արմենպրեսը»։
Նրա խոսքով՝ ներկայում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
«Հիմնականում նախորդ տարվա համեմատ սեզոնին բնորոշ հարուցիչներ են շրջանառվում, սակայն կցանկանայի ընդգծել, որ այս պահին գերակշռում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։ Գրանցված դեպքերի 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների շրջանում է։ Դա նշանակում է, որ այս խումբը ռիսկային է։ Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում»,- նշել է Աիդա Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ախտանիշներին՝ նա նշել է, որ սուր շնչառական վարակների դեպքում հիմնականում նկատվում են ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց և ջերմության բարձրացում։
«Ասեմ, որ գրիպի դեպքում թոքաբորբ ունենալու ռիսկը բավական բարձր է։ 937 բուժառուի մոտ գրանցվել է թոքաբորբ, և այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ խոցելի խմբերի մոտ հիվանդությունն ունի ծանր ընթացք»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա Հովհաննիսյանի խոսքով՝ ավելի քան 1000 մարդ ստացել է հիվանդանոցային բուժում, որոնց 90 տոկոսը երեխաներ են։ Նա նշել է, որ հիվանդացության այս ակտիվությունը համահունչ է սեզոնին։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը հայտնել է, որ սուր շնչառական վարակների կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը պատվաստումն է։ Նրա խոսքով՝ սեզոնի մեկնարկին՝ սեպտեմբերին, քառավալենտ պատվաստանյութերը հասանելի են եղել։
Պատվաստումը հատկապես կարևոր է ռիսկի խմբերի համար՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, հղիներ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65 տարեկանից բարձր անձինք, բուժաշխատողներ, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներ և աշխատակիցներ, ինչպես նաև զինծառայողներ։
«Այս սեզոնին իրականացվել է 171 հազար դեղաչափ պատվաստում, մինչդեռ նախորդ սեզոնին այդ թիվը կազմել է 134 հազար։ Սա վկայում է, որ քաղաքացիները տեսնում են պատվաստման արդյունավետությունը և նախընտրում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Պատվաստմամբ առնվազն նվազեցվում է ծանր դեպքերի առաջացումը»,- ասել է Սվետլանա Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ թեև պատվաստվողների թիվն աճում է, սակայն երեխաների դեպքում ծնողների կողմից նկատվում է որոշակի զգուշավորություն, բայց հիվանդության ծանր ընթացքն առավել հաճախ գրանցվում է երեխաների մոտ։


Կարծիքներ