Մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են. ֆինանսների նախարար
Կառավարության աշխատանքի իրական արդյունքը ոչ թե նրանց ընտանիքների բարեկեցությունն է, այլ բյուջեի եկամուտների ավելացումը, հայաստանցիների բարեկեցության բարձրացումը:
Այս մասին ԱԺ նիստում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այն մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը: 2026թ բյուջեով ամփոփում ենք այն առաջնահերթությունները, որոնք սահմանել էինք կառավարության ծրագրով՝ միաժամանակ հայացք ուղղելով դեպի առաջ՝ դեպի խաղաղության և զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիների ընթացքում»,-նշել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բյուջեն պետք է լինի ճկուն և կարողանա արագորեն արձագանքել արագ փոխվող աշխարհին:
Նախարարը նկատել է, որ մեր օրերում արհեստական բանականությունը փոխում է աշխարհի բնույթը և անգամ տնտեսությունների կառուցվածքը՝ կարևորելով այս և այլ գործոնների հաշվին ձևավորված նոր իրականության հետ համընթաց քայլելը:
«Երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում: Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից և փոխվելու արագությունից: Հետևաբար՝ ապագան արդեն այսօր է: Եվ հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները, այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը: Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին՝ ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել, այլ որովհետև այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից»,-հայտնել է նախարարը՝ ընդգծելով, որ կառավարության որոշումների առանցքում ՀՀ-ն է և այստեղ ապրող մարդը:
Նախարարը հավելել է, որ իրականացված հսկայական ներդրումները հավասար հնարավորություններ ստեղծելու մասին են:
«Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են: Եվ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ նույնն է, թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը»,-շեշտել է Վահե Հովհաննիսյանը:


Կարծիքներ