Ռուսաստանն ընտրեց ճանապարհը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մշակվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր հայեցակարգը, հաշվի առնելով աշխարհում ներկայում ստեղծված իրավիճակը։ Նա ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է բոլոր երկրների հետ համագործակցության մեջ, ներառյալ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, սակայն փոխգործակցության ընդլայնման հնարավորություններ է փնտրելու միայն այնտեղ, որտեղ կա փոխադարձություն։
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, դատելով ՌԴ առաջին դեմքերի, մասնավորապես Պուտինի եւ Լավրովի հայտարարություններից, ենթադրում է Արեւմուտքի հետ հարաբերությունների նվազագույն մակարդակ, Արեւմուտքի կողմից Ռուսաստանի պահանջները, մասնավորապես ազդեցության գոտիների ճանաչման եւ հին աշխարհակարգին վերադառնալու առաջարկները մերժելուց հետո։
Սա լիովին տեղավորվում է Պուտինի Մյունխենյան հայտնի ելույթից եւ 2013-ից սկիզբ առած՝ Կրեմլի «քաղաքական նոր կուրսի» տրամաբանության մեջ։ Պաշտոնական քարոզչությունը՝ Ռուսաստանի «առանձին ուղու եւ յուրահատուկ քաղաքակրթության» վերաբերյալ «գաղափարախոսական հենք» ստեղծելու փորձ է։
Արեւմուտքից արձանագրելով փոխադարձության բացակայությունը, Մոսկվան այն փնտրելու է այնտեղ, որտեղ դա կա։ Իսկ «փոխադարձություն» ներկայում կա Չինաստանում եւ Թուրքիայում, ընդ որում՝ լիակատար փոխադարձություն․ Պեկինն ու Անկարան հիանալի են ըմբռնել Կրեմլի վարչակարգի «նոր կուրսի» էությունը եւ օգտվում են դրանից։ Դեպի Եվրասիա «գեոպոլիտիկ թեքումը» իրականության մեջ նշանակում է Ռուսաստանի հանձնումը Պեկինի ու Անկարայի ողորմածությանը ՌԴ ներքին հիմնարար խնդիրների՝ ժողովրդագրական, տեխնոլոգիական հետամնացություն եւ այլն, ահագնացմանը զուգընթաց։ Պուտինի այցը Պեկին այդ հեռանկարի դրսեւորումն էր՝ Ռուսաստանի համար վասալային պայմանագրերի կնքման տեսքով։
Ավելորդ է ասել, թե ինչ ազդեցություն է ունենալու «ռուսական ընտրությունը» պուտինյան «պողպատե» մանդատակիր իշխանությամբ ու «ընդդիմությամբ» Հայաստանի վրա, որոնց մտքի ու պատկերացումների սահմանը «հետխորհրդային ռեզերվացիայի» վրա մակաբուծելն է: Հայաստանն արդեն կրում է հետխորհրդային աշխարհակարգի կործանման աղետալի հետեւանքները:
Կարծիքներ