Ընդգծվել է պետության կողմից տրամադրվող աջակցության շարունակականությունը. Պապոյանն այցելել է «Thermorex»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 21-ին այցելել է տնտեսապես բարդ արտադրանք թողարկող «Thermorex» ընկերություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Անտոնյանի հետ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին։
«Thermorex»-ը հիմնադրվել է 1987 թվականին և մասնագիտացած է ջերմակարգավորիչների (բիմետալիկ թերմոստատների), ջերմասահմանափակիչների արտադրության մեջ։
Ընկերության արտադրանքը լայնորեն կիրառվում է կենցաղային տեխնիկայի, ավտոմոբիլային և էլեկտրոնային արդյունաբերության, ճարտարագիտության, երկաթուղային ենթակառուցվածքների ու աերոտիեզերական ոլորտներում։
Բիմետալիկ թերմոստատները մեծ ծավալներով արտահանվում են 50-ից ավելի երկրներ, այդ թվում՝ ԵՄ, ՌԴ, Ճապոնիա, Չինաստան և ԱՄՆ։ «Thermorex»-ը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող բրենդների հետ, ինչպիսիք են «General Motors»-ը, «Kawasaki»-ին, «Land Rover»-ը, «Jaguarո-ը, «Vestas»-ը, «Knorr Bremse»-ն և այլն։
Այս պահին ընկերությունում աշխատում է շուրջ 230 մասնագետ, իսկ տարեկան արտադրողականությունը հասնում է 5 միլիոն միավորի։ «Thermorex»-ի նպատակն է արտադրական ծավալների հետագա աճը։ Ընկերությունն ունի մի շարք միջազգային սերտիֆիկացումներ, այդ թվում՝ VDE, UL, CSA և այլն։
Նախարար Պապոյանը կարևորել է ընկերության կողմից իրականացվող արդյունաբերական ներդրումների դերը և ընդգծել պետության կողմից տրամադրվող աջակցության շարունակականությունը հայկական արտադրության ներուժը առավելագույնս կիրառելու և արտահանման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ։
Կարծիքներ