Հնդկաստանում «Կապիկի ծաղիկ» կոչվող հիվանդության հայտնաբերման առաջին կասկածներն են ի հայտ եկել

Հնդկաստանում «Կապիկի ծաղիկ» կոչվող հիվանդության հայտնաբերման առաջին կասկածներն են ի հայտ եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Indian Express առցանց պարբերականը հայտնում է, որ Ուտար Պրադեշ նահանգի Ղազիաբադ քաղաքի առողջապահության վարչությունը կապիկի ծաղիկի կասկածով հետազոտման են ուղարկել հնգամյա երեխայից վերցված նմուշները:
Բաժանմունքի աշխատակիցների խոսքով՝ կլինիկայում իրենց տեղեկացրել են, որ մանկահասակ երեխայի մոտ հիվանդության հետ կապված հատուկ նշաններ են հայտնաբերել և նախազգուշական միջոցառումների շրջանակում նմուշներ վերցրել նրանից: Բժիշկը զննել է երեխային և պարզել, որ երեխայի մաշկի վրա առկա է մեծ ցան, և նա ունի քոր: Սակայն մանկահասակ երեխան գլխացավ չի ունեցել, և ոչ էլ եղել է արտասահմանում: Նա նաև այլ երկրից ժամանած մարդկանց հետ չի շփվել:
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի 643 դեպք՝ ավելի քան 30 երկրներում:
Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի արձանագրվել:
Կարծիքներ