Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացման դինամիկան:
Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է:
Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Իրաքի անվտանգության հարցը՝ անդրադառնալով վերջերս Էրբիլում տեղի ունեցած հրետակոծությանը:
Խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին՝ Ռուստամ Բաքոյանը հանդես է եկել հարցադրումով՝ հարց ուղղելով գործընկերոջը, թե արդյո՞ք եզդիները կունենան քվոտավորված մանդատներ երկրի խորհրդարանում:
Պատգամավորը նշել է, որ Իրաքում ապրում են ավելի քան 3200 հայեր եւ փաստել է, որ նախորդ տարի Էրբիլում հյուպատոսարանի բացումը շատ կարեւոր քայլ էր հայ-իրաքյան հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:
Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալան նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու տնտեսական ոլորտում համագործակցության ավելացումը: «Հայաստանը շատ կարեւոր երկիր է Իրաքի համար»,- ընդգծել է փոխնախարարը:
Կարծիքներ