2024-ի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ. վարչապետ

Ազգային ժողովում մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում:
Ելույթ ունենալով առաջինը՝ ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց՝ արդեն 13-րդ անգամ է ԱԺ-ում մասնակցում պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին՝ 6 անգամ որպես պատգամավոր և 7-րդ անգամ՝ որպես ՀՀ վարչապետ:
Նրա խոսքով՝ այդ բոլոր քննարկումների ժամանակ այս կամ այն չափով ընդգծել է՝ պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն, և կարևորագույն խնդիր է համարում բյուջեի այս էության ըմբռնումը ոչ միայն Կառավարության անդամների և ԱԺ պատգամավորների, այլև ողջ հանրության համար. «Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին, ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել ու դարձնել բովանդակային տեքստ և բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով»։
2024-ի պետական բյուջեի եկամուտները, ըստ վարչապետի, կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ, ինչը նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է:
«Այս թիվն արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը՝ վարչապետ, Կառավարություն, ԱԺ, Կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ: Խոսքը բոլոր առանց բացառության քաղաքացիների մասին է: 2024-ին նրանց մի մասն աշխատել է, մյուս մասը չի աշխատել:
Ի դեպ, ասեմ, որ 2024-ի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32 տոկոսով ավելի է 2018-ի նոյեմբերի ցուցանիշից»,- հայտնեց վարչապետը:
Կարծիքներ