Արձագանք՝ Արամ Մանուկյանի կողմից 2025թ․ հուլիսի 19-ին news.am լրատվականի եթերում արված հայտարարություններին

Արձագանք՝ Արամ Մանուկյանի կողմից 2025թ․ հուլիսի 19-ին news.am լրատվականի եթերում արված հայտարարություններին

Հուլիսի 19-ին՝ news.am լրատվականի եթերում, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն անդրադարձել է ամիսներ առաջ հրապարակված՝ «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» խորագրով հետազոտական աշխատությանը։

Պարոն Մանուկյանի մի շարք մտքեր ոչ միայն չեն համապատասխանում աշխատության տրամաբանությանը, այլև կասկածներ են հարուցում գրված տեքստը չընկալելու կամ ինչ-ինչ այլ շահեր ունենալու և գրվածը միտումնավոր կերպով խեղաթյուրելու վերաբերյալ։ Նախ, պարոն Մանուկյանը երկու քաղաքացիական կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունը վերագրում է պետությանը՝ նշելով, թե սա պետական ծրագիր է։

Բացի այդ պարոն Մանուկյանը շփոթում է աշխատության հեղինակներին՝ սխալմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպչական մասնակցությունը ներկայացնելով որպես «Դանիել Իոանեսյանի փաստաթուղթ»։ Ցանկանում ենք հայտնել, որ Աշխատության հեղինակները բացառապես երկուսն են՝ ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Որևէ այլ անձ որևէ կերպ չի մասնակցել աշխատության հետազոտական մասի և բովանդակության կազմման աշխատանքներին։ Սակայն եթե նման շփոթմունքը կարելի է վերագրել պարոն Մանուկյանի՝ գիտականհետազոտական և քաղաքացիական դաշտի դերակատարներին չճանաչելու հանգամանքին, ապա բովանդակային հարցերի խեղաթյուրումը ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել։

Այսպես․ ձայնագրության 29.11-րդ րոպեին Արամ Մանուկյանն իր վրդովմունքն է հայտնում մեր կողմից առաջարկված «Անհրաժեշտ է ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա», Հրազդանի ՋԷԿ օբյեկտները հայկական վերահսկողության տակ վերադարձնելու ուղղությամբ սցենարներ մշակել» առաջարկության վերաբերյալ։

Անհասկանալի է, թե ՀՀ քաղաքացին ինչու պետք է վրդովվի, եթե իր երկրի ենթակառուցվածքները տնօրինի իր պետությունը։

Ձայնագրության 30.11-րդ րոպեին պարոն Մանուկյանը ներկայացնում է, թե աշխատության «առաջարկություններ» բաժնում «Անհրաժեշտ է Հայկական ատոմակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի վերանայում, այլընտրանքային վառելիքի օգտագործման համար անհրաժեշտ աշխատանքների պլանավորում, նոր ատոմակայանների կառուցման աշխատանքների փութացում» առաջարկը նշանակում է, որ «արևմտամետները ուզում են թուրքերի պահանջով մեր ատոմակայանը փակեն»։

Մինչդեռ առաջարկում ոչ միայն նշված է գործող ատոմակայանի համար վառելիքի նոր աղբյուրներ գտնելու անհրաժեշտության, այլև նոր ատոմակայանների կառուցման աշխատանքները արագացնելու մասին։

Ձայնագրության 30.49-րդ րոպեին պարոն Մանուկյանը կրկին վրդովվում է՝ կարդալով․

«Անհրաժեշտություն կա պետական մակարդակով ՀՀ մարզերում աջակցություն տրամադրել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, կորեերեն, պարսկերեն, ինչպես նաև թուրքերեն և ադրբեջաներեն լեզուների տարածմանը» առաջարկը։ Փաստորեն, իր խոսքերով՝ «3-րդ ուժ ձևավորող» Արամ Մանուկյանը կարծում է, թե Հայաստանում տարբեր լեզուների իմացությունը վատ բան է։ Հավանաբար, իր պատկերացմամբ՝ «3-րդ ուժի» ծրագրային խնդիրներից է լինելու Հայաստանի մարզերում ռուսերենից բացի մնացած լեզուներն արգելելը, գուցե նաև՝ հայերենը։ Այս ամենից հետո մնում է հասկանալ մեկ բան․ Արամ Մանուկյանը մինչև 1990թ․-ին Անկախության հռչակագիրը կարդալը կամ 2014թ․-ին՝ Սեյրան Սարոյանի բնորոշմամբ․ «մի քանի գլուխ ունենալը և նախագահին քֆուր տալու համար՝ բերնին ստանալը» կրկի՞ն վրդովվում էր ՀՀ ենթակառուցվածքների ազգայնացման առաջարկներից, թե՞ սրանք «3-րդ ուժի ներկայացուցիչների» նորահայտ մոտեցումներն են։ Կարելի է միայն կարեկցել ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանին՝ իր քաղաքական ժառանգությունը նման՝ քաղաքականապես անգրագետ դերակատարների միջոցով մսխելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում