Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Մարտի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեւալին:

Փոխվարչապետն ընդգծել է հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների կարեւորությունը եւ արտահայտել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ բարձրացնել դրանք նոր եւ հավակնոտ մակարդակի:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Նկատի ունենալով Հայաստանում Իրանից մինչեւ Վրաստան ձգվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագիրն ու երկաթուղային հաղորդակցությունների բացման հնարավորությունը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան եւ Եվրոպա:

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հնդկաստանին 2021թ.-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ եւ համոզվածություն հայտնել, որ Հնդկաստանի գործունեությունն Անվտանգության խորհրդում կնպաստի համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը:

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետը նկատել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է լինի համալիր եւ ամբողջական, որը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման վրա: Այս համատեքստում կարեւորվել է Հնդկաստանի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ բանակցությունների միջոցով:

Տիգրան Ավինյանը միաժամանակ առանձնացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ առանց նախապայմանների եւ շուտափույթ վերադարձի հարցը:

Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության բնագավառում առկա փոխգործակցությանն ու դրա խորացման եւ ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը համակարծիք էին, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին, հետեւաբար հարկ է իրացնել համագործակցության լայն հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, գիտության, գյուղատնտեսության, արեւային էներգիայի օգտագործման ոլորտներում: Այս առումով կարեւորվել է Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Կարողությունների զարգացման ոլորտում Հայաստանին հնդկական աջակցության կարեւոր օրինակ է մատնանշվել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որի գործունեության շրջանակները հնարավոր է ընդլայնել՝ շեշտադրում կատարելով արհեստական բանականության ոլորտի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում