ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում կայացել է բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման թեմայով միջգերատեսչական քննարկում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում կայացել է բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման թեմայով միջգերատեսչական քննարկում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի նախաձեռնությումբ հուլիսի 20-ին տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային քննարկում՝ խոտածածկ և բուսածածկ  տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելուն  ուղղված թեմայով։

Այս մասի տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի ղեկավար կազմն ու մասնագետներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, պաշտպանության, շրջակա միջավայրի նախարարությունների, պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կ․Դեմիրճյանի անվան անվան մարզահամերգային համալիրի, «Հայնատառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

«ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ներկայացրեց 2021թ․ և 2022թ․ 1-ին կիսամյակում հանրապետությունում տեղի ունեցած հրդեհների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել խոտածածկ և բուսածածկ տարածքներում։

Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա խնդիրները։ Նշվեց, որ հրդեհների տարածմանը նպաստում է այն հանգամանքը, որ խոտածածկ շատ տարածքներ ոռոգման խնդիր ունեն։ Առաջարկ արվեց մինչ ոռոգման ցանցի անցկացումն այդ տարածքներում խոտհունձ կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցն առաջարկել է  ուսումնասիրել ու գնահատել խոտածածկ ու բուսածածկ տարածքների ռիսկայնությունը և ըստ այդմ իրականացնել հսկիչ այրումներ, հնարավորության դեպքում նաև՝ ճանապարհահատվածներում արգելափակիչ հանքայնացման շերտերի բացման աշխատանքներ։

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության հրդեհաշիջման և  փրկարար աշխատանքների բաժնի պետ  Գեղամ Հակոբյանը հայտնել է, որ հրդեհավտանգ առումով առավել ռիսկային տարածքներում հսկիչ կայաններ և ջոկատներ են տեղակայել և շուրջօրյա հերթապահություն ապահովել։ 

Նշվում է, որ քննարկման մասնակիցները կարևորել են քարոզչական միջոցառումների անցկացումը։ Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանն անհրաժեշտություն է համարել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների անցկացումը՝ դրանք սկսելով հանրակրթական հաստատություններից, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն առաջարկել է անտառային հատվածներում հրդեհների  նախականխման ու խոտհունձի աշխատանքներին ներգրավել տեղի բնակչությանը։

«Քննարկմանը նշվեց, որ առանձին և լուծում պահանջող հարց է մասնավոր ու վարձակալության տրված կանաչ տարածքներում հակահրդեհային միջոցառումների անցկացումը։ Դրանք սեփականատերերի ու վարձակալների կողմից  պատշաճ չեն ոռոգվում, խոտհունձ չի կատարվում։ Այդ համատեքստում կարևորվեց վարձակալների ու սեփականատերերի շրջանում  բացատրական աշխատանքի կատարումը»,- հայտնում են տեսչական մարմնից։

Կառույցի տեղեկացմամբ՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ընդգծել է, որ հրդեհների կանխարգելման գործում պետք է ակտիվ համագործակցություն լինի Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի ու ԱԻՆ-ի միջև։ 

Հաշվի առնելով բարձր ռեժիմի ջերմային ֆոնը՝ քննարկման ավարտին առաջարկվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում