Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմք է համարում ժողովրդավարությունը

Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմք է համարում ժողովրդավարությունը

Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների իր ճանապարհին: «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում վարչապետը հարկ համարեց նշել, որ Գերմանիան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական առաջատար գործընկերն է, որը տրամադրում է զարգացմանը և Հայաստանի ներքին բարեփոխումներին միտված աջակցություն։

Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ վարչապետը տեղեկացրեց Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարևոր ձևաչափի մասին՝ Քաղաքական և անվտանգության երկխոսությունը, որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երևանում։

«Հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի և որոշակի ոլորտներում մեր համագործակցության խորացման հեռանկարների շուրջ քննարկումը ոչ միայն ժամանակին էր, այլև զգալիորեն հարստացրեց ԵՄ-ի հետ մեր տարաբնույթ գործընկերության օրակարգը»,- ավելացրեց վարչապետը։

Այս համատեքստում վարչապետը ընդգծեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է։

«Վերջին «Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն՝ Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը ԱլԳ անդամ երկրների շարքում և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն:

Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և ժողովրդավարության: Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Մենք շարունակելու ենք բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2018 թվականի խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը, ինչպես նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին անշրջելի է։

«Այս առումով, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին. սա առաջին դեպքն էր, երբ ընտրությունները Հայաստանում ծառայեցին որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու գործիք։ Նկատի ունեմ ներքաղաքական ճգնաժամը, որը մենք ունեցանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Սովորաբար, ընտրությունները մեր երկրում քաղաքական ճգնաժամ էին առաջացնում, դա այդպես էր 1994-ից մինչև 2018 թվականը:

Բայց 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո այս էջը փակված է, իսկ Հայաստանը հիմա միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է։ Այնուամենայնիվ, անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել:

Արդյո՞ք հայկական ժողովրդավարությունը ունակ է ապահովել անվտանգություն, սա հարց է, որն իրավացիորեն հուզում է այսօր հայ հասարակությանը և խնդիր, որը պետք է հասցեագրվի մեր կառավարության կողմից»,- եզրափակեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում